Խելացի տուն

Խելացի տուն

Տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, բայց մտնել տուն և ձեռքի շարժումով միացնել լույսը դեռևս հնարավոր չէ: Դեռ 1923 թվականի ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեն ասել էր. «Տունը՝ ապրելու համար նախատեսված մեքենա է»: XX դարի ընթացքում նրա արտահայտությունը աստիճանաբար դարձել է իրականություն, կյանքը դարձել է ավելի հեշտ տներում էլեկտրականության ավելացման, իսկ հետագայում նաև տան էլեկտրական սարքավորումների շնորհիվ: Սակայն, խելացի տան գաղափարը հնարավոր դարձավ իրականացնել միայն 21-րդ դարում:

 

Ի՞նչ է խելացի տունը

Շատ հաճախ պատկերացումները խելացի տան մասին բաժանվում են 2 մասի՝ տան ավտոմատացում (smart home համակարգ) և բնակելի շենքի ավտոմատացում (smart house): Եվրոպայում և ԱՄՆ-ում տվյալ հասկացությունները ընդունված է առանձնացնել իրարից, սակայն դրանց միջև եղած սահմանը շատ պայմանական է:

Smart home համակարգը կազմված է տան տարբեր սարքավորումներից, որոնք միացված են մեկ ղեկավարման համակարգի և իրականացնում են կոնկրետ ֆունկցիաներ առանց մարդկային միջամտության: Տան ավտոմատացման առաջին համակարգը X10 ստանդարտի հիման վրա ստեղծվել է դեռևս 1975 թվականին: Այսօր արդեն հնարավոր սարքավորումների քանակը և իրականացվող ֆունկցիաները ավելացվել են իրերի ինտերնետացման զարգացման շնորհիվ: Այսպիսով, համակարգը կարող է առավոտյան միացնել ջեռուցումը, լույսը կամ երաժշտությունը շարժման սենսորների հիման վրա, ժամը 21.00-ից հետո անջատել հոսանքի վարդակները երեխաների սենյակում, ջեռուցել հատակը մինչև ձեր տուն վերադառնալը, ինչպես նաև ուղարկել ազդանշան սառնարանի բաց դռան, միացված արդուկի կամ հրդեհի վերաբերյալ: Այս ամենը հնարավոր է կառավարել անգամ հեռավորության վրա՝ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով:

Իր հերթին «smart house»-ը ավելի լայն հասկացություն է: Այն ենթադրում է շենքի կառուցում անմիջապես ավտոմատացման գաղափարի, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և տեխնոլոգիական նորարարությունների հիման վրա: Բոլոր ինժեներա-տեխնիկական համակարգերի աշխատանքը կառավարվում է ավտոմատացված համակարգի միջոցով:

Պայմանականորեն այն կարելի է բաժանել մի քանի ենթահամակարգերի՝ էլեկտրականություն (լուսավորություն), կլիմատ-կոնտրոլ (հատակի տաքացում, ջեռուցում, օդափոխություն և օդորակում), անվտանգություն (մուտքի ղեկավարում, վիդեո ձայնագրություն, անտրակարգ իրավիճակների վերահսկողություն) և մուլտիմեդիա (վիդեո, աուդիո):

 

Տեխնոլոգիաներ

Ըստ Top Ten Reviews  հրապարակման, 2016 թվականին աշխարհում smart home համակարգերի կառուցման հիմանական կազմակերպություններն են եղել ամերիկյան HomeSeer, Control4 և Crestron ընկերությունները: Նրանք խելացի տան կառուցման ժամանակ միմյանց են կապում այնպիսի հարթակներ, ինչպիսիք են  Z-Wave, ZigBee և Wi-Fi: Խելացի տան համար գերմանական Siemens ընկերությունը օգտագործում է  Profibus համակարգը:

Այժն խելացի տան տեխնոլոգիան ընտրելուց հիմնվում են 2 մոտեցման վրա՝ ժամային կամ ընտրված պարամետրեր: Առաջին տեխնոլոգիական լուծումը ընտրելիս ջեռուցումը կմիանա օրվա կոնկրետ ժամերի կամ շաբաթվա մեջ կոնկրետ օրերի, իսկ երկրորդ դեպքում՝ ջերմաստիճանի սենսորները ապահովում են նախօրոք սահմանված ջերմաստիճանը:

Smart home տեխնոլոգիաները հեշտացնում են մարդու կյանքը: Այդպես օրինակ, Philips Hue թույլ է տալիս կարգավորել լուսավորության գունային երանգները ըստ տրամադրության,  August Smart Lock թույլ է տալիս բացել կողպեքը հատուկ հավելվածի կամ էլեկտրական բանալու միջոցով, իսկ տնային ռոբոտները, որոնք հանդիսանալու են ապագայի խելացի տների անբաժան մասը, էականորեն կկրճատեն տունը մաքրելու ժամանակը: Mint-ը կլվա հատակը, Mirra-ն կմաքրի լողավազանը, Winbot-ը կլվա պատուհանները, իսկ Zenbo-ն կդառնա ընտանիքի սիրելին:   

 

Իրականացված գաղափարներ

Աշխարհում խելացի տան ամենահայտնի օրինակներից մեկը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյցի առանձնատունն է: $ 124 դոլլար արժողությամբ տունը անվանվել է Xanadu 2.0 «Քաղաքացի Քեյն» ֆիլմի մեդիամագնատ Չարլզ Ֆոստեր Քեյնի տանը նման:

Օրիանկ, շրջակա բնական միջավայրն օգտագործելու շնորհիվ հնարավոր է դարձել նվազագույնի հասցնել տան ջերմության կորուստը: Հյուրերը կարող են ընտրել ցանկալի ջերմաստիճան և լուսավորություն ամբողջ տանը ներկառուցված սենսորների միջոցով: Ավելին, պաստառների տակ գտնվող դինամիկները հնարավորություն են տալիս լսել երաժշտություն՝ տեղաշարժվելով սենյակից սենյակ:

Էներգատան իր տարբերակն է առաջարկել Honda ընկերությունը: Honda Smart Home նախագիծն առաջարկում է օգտագործել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ՝ գեոթերմալ ջերմային պոմպեր եւ արեւային վահանակներ:  Արդյունքում ստացվում է, որ տունը արտադրում է ավելի շատ էներգիա, քան օգտագործում է: Բացի այդ, նրանում առկա տեխնոլոգիաներն ուղղված են CO2 գազի արտանետումների կրճատմանը: Իսկ օգտագործվող ջրի քանակի կրճատումը և տան ջեռուցումն ապահովելը հնարավոր է բաղնիքում օգտագործված րի միջոցով: Նմանատիպ նախագծերի ավելի հասանելի տարբերակ է Kasita մոդուլային տունը: Այն ի սկզբանե կառուցված է  Amazon ձայնային համակարգի, Nest թերմոստատի, Philips Hue լեդ լամպերի և այլ ժամանակակից լուծումներով: Մեկ այլ հետաքրքիր լուծում է առաջարկում Brain of Things ստարտափը: Դրանք բնակարաններ են, որոնք ներկառուցված են թաքցված սենսորներով, որոնք մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով թույլ են տալիս հարմարացնել տունը ըստ տիրոջ ապրելակերպի: